
Աշխարհում հրազենի շուրջ 85 տոկոսը քաղաքացիական անձանց ձեռքին է

Ամբողջ աշխարհում հրազենի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 85 տոկոսը կամ 875 միլիոն միավոր, գտնվում է քաղաքացիական անձանց ձեռքին: Դա հետեւում է Small Arms Surwey-ի՝ 2017 թվականի հետազոտությունից: Տարբեր երկրների զինված ուժերի տնօրինության տակ ընդհանուր առմամբ կա 133 միլիոն մավոր հրազեն (կամ 13 տոկոսը), մինչդեռ ուժային կառույցներին բաժին է ընկնում 23 միլիոն միավոր (կամ 2 տոկոսը):
Քաղաքացիական անձանց ամենամեծ բաժինը, որը հրազեն ունի, ԱՄՆ-ում է: Այստեղ 100 բնակչին միջին հաշվով բաժին է ընկնում 120,5 միավոր զենք: Ընդհանուր առմամբ Նահանգներում քաղաքացիական բնակչության ձեռքին է գտնվում 393 միլիոն միավոր զենք. դա քաղաքացիական անձանց ձեռքին եղած ամբողջ զենքի գրեթե կեսն է: Բնակչության մեկ շնչի հաշվով հրազենի միավորների թվով ԱՄՆ-ից անմիջապես հետո գալիս են Եմենը, Չեռնոգորիան, Սերբիան եւ Կանադան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: