«Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ 14 տարեկանից». ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքում արված բացահայտումների վերաբերյալ մեկնաբանություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գաբրիել Բալայանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը քննչական բարեփոխումներից հետո իր համակարգում նախաքննական մարմին չունի: «Կատարվում է նախաքննություն, ես որևէ մեկնաբանություն անելուց ձեռնպահ կմնամ»,- ընդգծեց Բալայանը:
Նա հավելեց, որ դիտել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը: «Ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ 14 տարեկանից: Այդ ժամանակ նա Հաթերքի անտառներում պարտիզանական ջոկատի հրամանատար էր: Ես էլ էի այդ ժամանակ այնտեղ, և հիմա ինձ համար, ինչպես մեր ողջ հասարակության համար շատ ցավալի է, մանավանդ, որ ես Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ որպես պարտիզանական ջոկատի հրամանատար»,- ընդգծեց Բալայանը:
Հարցին՝ ի՞նչ մեխանիզմներով կարող էր զինվորի սնունդը հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Բալայանն ընդգծեց, որ մեխանիզմները կարող են տարբեր լինել: «Քանի որ Երկրապահ կամավորական միությունը նաև իրականացրել է մարտական հերթապահություն, ենթադրում եմ, որ նրանց կարող է որոշակի ապրանքատեսակներ մատակարարված լինել: Ես չեմ ցանկանում որոշ վարկածներ առաջադրել: Մեր կողմից դա սխալ կլինի: Նախաքննություն է իրականացվում, Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննական մարմին է, իսկ պաշտպանության նախարարությունում այլևս քննչական գործողություններ իրականացնող մարմին գոյություն չունի»,- մանրամասնեց Գաբրիել Բալայանը:
Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:
Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ: ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:
Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: