
Թուրք զինվորականները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են սիրիական Մանբիջ քաղաքի արվարձաններ՝ այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ: Հեռուստաալիքը եթերում ցուցադրել է Թուրքիայի դրոշներով ռազմական տեխնիկայի շարասյան լուսանկարը, որը կանգնած է հարթավայրային տեղանքի ճանապարհներից մեկի վրա: Նշվում է, որ թուրք զինվորականները մտել են «քաղաքի արվարձաններ»:
Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները 12 – 13-ը Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:
Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: