
FPWC-ն պատրաստակամություն է հայտնել Մանվել Գրիգորյանին պատկանող կենդանիներին տեղափոխել մասնագիտացված տարածք

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակներին անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:
Հիմնադրամից տեղեկացրին, որ կենդանիների բուժզննումից և հիվանդությունների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը նշում է, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը: