
Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 350-ի

Շուրջ 350 մարդ է տուժել Ճապոնիայի արեւմտյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել է ավելի քան 200 տուժածների մասին:
Երկրաշարժի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Իննամյա մի աղջիկ զոհվել է դպրոց գնալու ճանապարհին, երբ նրա վրա պատ է փլվել, 80-ամյա մի տղամարդ մահացելէ կամավորների խմբի աշխատանքին գնալիս, եւս մեկ 85-ամյա տղամարդ մահացել է գրքերի դարակի ընկնելու հետեւանքով:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առաջացել է երեք հրդեհ, 110 հազար բնակարաններ ու տներ անջատված են գազամատակարարումից: Դրա լիակատար վերականգնման համար կպահանջվի առնվազն տասն օր: Աղետի գոտում առանց էլեկտրաէներգիայի էր մնացել 170 հազար բնակարան, բայց այժմ էլեկտրականության մատակարարումը վերականգնված է: Փրկվել են 163 վերելակներում արգելափակված մարդիկ, որոնք կանգ էին առել ստորգետնյա ցնցումից հետո: Առանձին բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել գազատարների վնասվելու պատճառով: Այնտեղ զինվորականները ջուր են հասցնում ցիստեռններով:
Դպրոցական պարապմունքները դադարեցված են գրեթե 300 դպրոցներում, որոնցից յոթում ճեղքվածքներ են հայտնաբերվել պատերին: Շուրջ 1,3 հազար մարդ երկրաշարժից պատսպարվել են տարհանման կենտրոններում: Ճապոնիայում օդերեւութաբանական գործակալությունը նախազգուշացնում էեւս մեկ ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին: Ինչպես ավելի վաղ իր կայքում հայտնել է Kansai Electric Power էներգետիկական ընկերությունը, ատոմային էներգետիկայի օբյեկտները չեն տուժել:
Փրկարար աշխատանքներում ներգրավված են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ: Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,1: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում է ճգնաժամային շտաբը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: