«Եթե Նիկոլն իմանար՝ այդքան դժվարություններ կան, կարող է՝ հետ կանգներ կամ չուզեր». Արամ Մանուկյան
«Բոլորը պետք է աջակցեն այսօրվա կառավարությանը խնդիրները լուծելու հարցում, ու որևէ մեկն այս պահին ինքնագործունեությամբ չպետք է զբաղվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հարկավոր է ժամանակ տալ իշխանություններին՝ լուծելու խնդիրները. «Ես այս կոչով դիմում եմ՝ և՛ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին, և՛ Երկարապահի տղաներին, որոնք գիտեմ՝ ինչեր են ուզում նախապատրաստել, բոլոր այն քաղաքների, հիմնարկների ակտիվիստներին, որոնք ուզում են օր առաջ փոփոխություններ մտնել։ Բայց մեկ է՝ ատելությունն այն ոսկին չէ, որով կոճակ գնես։ Այս ատելությունը հարկավոր է կազմակերպել ՀՀ-ում հեղափոխությունը մինչև ավարտ հասցնելու համար»։
Ա. Մանուկյանը գտնում է՝ ՀՀ-ն այս պահին մի կարևոր անհրաժեշտություն ունի՝ երկրի կառավարելիությունը.
«Երկրի կառավարելիությունը վտանգի տակ է։ Առաջիկա պառլամենտական ընտրությունները պետք է լուծեն այդ խնդիրը, իշխանափոխությունը դարձնեն անշրջելի, Հայաստանը դարձնեն կանխատեսելի ու կառավարելի։ Նույնը վերաբերում է Ղարաբաղին»։
Նա ասաց, որ իրենց քաղաքական ուժն ի բաժին օգնությունը տվել է կառավարությանը.
«Մենք ասել ենք՝ պատրաստ ենք օգնել այնքան, որքան դուք կգտնեք՝ օգտակար է մեր օգնությունը։ Մենք տվել ենք օրենքի մեր նախագիծը՝ բացատրություններով։ Մենք հայտարարել ու հայտարարում ենք՝ ոչ մի ակնկալիք չունենք, ոչ մի պաշտոն չենք ուզում, մեզ համար խիստ նպաստավոր, շահեկան վիճակ է, թող իշխանությունը հաջողի, կառավարությունը հաջողի, որովհետև այս հեղափոխությունը, այս քաղաքական ուժը վերադարձրեց մեզնից գողացածը։ 20 տարի առաջ մեր քաղաքական ուժից և մեր ժողովրդից գողացած իշխանությունը ետ է վերադարձվել ժողովրդին, դա մեզ համար մեր ուզածն էր, ու այն, որ մենք չենք դա իրականացրել, ամենևին մեզ չի տանում խռովածի կամ դժգոհի դաշտ, մենք պատրաստ ենք աջակցելու»։
Ա. Մանուկյանի խոսքով՝ Մարտի 1-ի բացահայտումը Նիկոլ Փաշինյանի համար այս հեղափոխության արդարացումն է.
«Մարտի 1-ի բացահայտումն այս իշխանությունների նպատակը պետք է լինի»։
Նա նշեց, որ Հայաստանին դեռ սպասվում են շատ բարդ, լուրջ մարտահրավերներ.
«Կարծում եմ՝ եթե Նիկոլն իմանար՝ այդքան դժվարություններ կան, կարող է՝ հետ կանգներ կամ չուզեր, կամ՝ մեր երևակայությունը նաև չհերիքեց պատկերացնելու, թե ինչ մեթոդներ կկիրառի Նիկոլ Փաշինյանը և ինչպես հասավ հաջողության։ Երևի այդ նույն մեթոդն էլ՝ անսպասելիության գործիքը, կօգնի նրան ու հաջողություններ կբերի, բայց ես գիտեմ, որ դժվարություններ կան, որ անլուծելի են»։
Ա. Մանուկյանը նկատեց, որ այս տարի Հայաստանն ունի թվով 5000 բուհական դիմորդ, այնինչ դիմորդների միջին քանակը միշտ եղել է 20 հազար.
«Պատկերացնո՞ւմ եք մեր երկրի վիճակն ու այս կառավարության առջև եղած մարտահրավերները։ Ո՞նց են լուծելու. դժվար։ Եթե չլինի ժողովրդի աջակցությունը, ձախողումները երաշխավորված կլինեն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։