ԱՄՆ-ը հազարավոր միջուկային և հրթիռային օբյեկտներ է «նկատել» ԿԺԴՀ-ում
Հյուսիսային Կորեան մոտավորապես 3 հազար օբյեկտ ունի, որոնք կապված են միջուկային ու հրթիռային մշակումների հետ: Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է «Մունհվա իլբո» հարավկորեական թերթի առցանց տարբերակը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի իշխանությունների գնահատումները:
«Հայտնի է դարձել, որ ամերիկյան իշխանությունները Հյուսիսային Կորեայում հաշվել են միուջուկային ու հրթիռային մշակումների հետ կապված մինչեւ 3 հազար շինություն ու օբյեկտ»,-նշում է թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների: Ինչպես գրում է թերթը, այդ կապակցությամբ տարատեսակ դժվարություններ են ենթադրվում Հյուսիսի միջուկային ու հրթիռային օբյեկտների տեսչական ստուգումներ իրականացնելու հարցում, բավականին երկար ժամանակ կպահանջվի միջուկազերծման շուրջ առաջիկա ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների համար:
Ինչպես արդեն տեղեկացվել է, հունիսի 12-ին ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի առաջին գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հավաստել են Կորեական թերակղզու միջուկազերծման նպատակը, որն ապրիլին նախանշվել էր Փանմունջոմի միջկորեական գագաթնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: