
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել միջուկային զենքի համակարգերը. Ստոկհոլմի ինստիտուտ

Միջուկային զենքի ընդհանուր քանակը կրճատվում է, միեւնույն ժամանակ առանց բացառության բոլոր միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից: Այս եզրակացությունները բովանդակում է միջուկային սպառազինությունների դրության մասին հերթական զեկույցը, որը հունիսի 18-ին հրապարակել է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (ՍԻՊՌԻ)։
Ինստիտուտի տվյալներով՝ 2018 թվականի սկզբի դրությամբ միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը եւ ԿԺԴՀ-ն, ունեին 14 հազար 465 միավոր ատոմային զենք, ինչը 470 միավորով պակաս է 2017 թվականի սկզբի դրության համապատասխան ցուցանիշից (14 հազար 935):
Կրճատումը տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շնորհիվ, որոնց բաժին է ընկնում ամբողջ միջուկային ռազմամթերքի 92 տոկոսը եւ որոնք շարունակել են նվազեցնել դրանց քանակը՝ 2010 թվականին ստորագրված՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (ՌՀՍ-3) համապատասխան:
Զեկույցի հեղինակները նշում են, որ, չնայած իրենց զինանոցների որոշ կրճատմանը, թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Ռուսաստանն իրականացնում են միջուկային մարտագլխիկների եւ դրանց փոխադրման (հրթիռային եւ ավիացիոն) միջոցների, ինչպես նաեւ դրանց արտադրության կարողությունների փոխարինման եւ արդիականացման ծրագրեր: Թեեւ մյուս երկրների միջուկային զինանոցներն զգալիորեն քիչ են, դրանք բոլորը նույնպես զբաղվում են դրանց կատարելագործմամբ եւ տեղաբաշխմամբ կամ հայտարարում են նման մտադրությունների մասին:
«Միջուկային զենքի արդիականացման ծրագրերը, որոնք իրականացնում են դրանք տիրապետող երկրները, վկայում են, որ միջուկային զինաթափման ճանապարհին իրական առաջընթացը հեռավոր նպատակ կմնա»,- կարծում է ՍԻՊՌԻ-ի Զինաթափման, սպառազինությունների վերահսկողության ծրագրի եւ չտարածման ծրագրի ավագ աշխատակից Շենոն Քայլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: