Իրանի նախագահը կայցելի Շվեյցարիա եւ Ավստրիա
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուլիսի 4-ին պաշտկոնական այցով կժամանի Վիեննա եւ բանակցություններ կանցկացնի Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ու կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 18-ին հայտնել են Ավստրիայի նախագահի վարչակազմում:
«Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը 2018 թվականի հուլիսի 4-ին կընդունի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին: Նաեւ պլանավորված է նրա հանդիպումը ֆեդերալ կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ»,-ասված է նախագահի վարչակազմի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Մայիսի 30-ին Die Presse ավստրիական թերթը հայտնել էր, որ Իրանի նախագահը պատրաստվում է իրանական միջուկային գործարքը Վիեննայում քննարկել ԵՄ-ի խորհրդում Ավստրիայի նախագահության հետ, որը կսկսվի հուլիսին:
Այս այցից առաջ Ավստրիայի մայրաքաղաքում կարող է տեղի ունենալ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը իր եվրոպացի պաշտոնակիցների հետ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործումը հաստատելու համար:
Ավստրիա ժամանելուց առաջ, ինչպես հունիսի 18-ին հայտնել են Շվեյցարիայի կառավարությունում, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուլիսի 2-3-ին պաշտոնական այցով կգտնվի Շվեյցարիայում եւ բանակցություններ կվարի այդ երկրի նախագահ Ալեն Բերսեի եւ Շվեյցարիայի կառավարության անդամների հետ: Նշվում է, որ Բերսեն Ռոուհանին կդիմավորի հուլիսի 2-ին Ցյուրիխում, «այնուհետեւ Բեռնում կկայանա առաջին զրույցը»:
«Պաշտոնական հանդիպումը տեղի կունենա հաջորդ օրը»,-ասված է հաղորդագրության մեջ: