«Գոնե այս ընտրություններին ընտրական մուտքի շեմը խորհրդարան պետք է իջեցվի». Արմեն Մարտիրոսյան

«ժառանգություն» կուսակցությունն ակտիվ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` «Ժառանգությունը» միակ ուժն է, ով երբևէ իշխանություն չի եղել և մշտապես ներկայացել է նորարարական ծրագրերով:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափին՝ Մարտիրոսյանը ճիշտ համարեց, որ համաժողովրդական շարժումը միասնական ճակատով մասնակցի, բայց եթե առաջարկը չընդունվի, իրենք պատրաստ են միայնակ մասնակցելու: «Մենք բոլորս միտված ենք դեպի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին կլինի դաշինքային հարաբերությունը՝ շատ լավ, չի լինի` մենք պատրաստ ենք միայնակ մասնակցելու»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առաջիկայում հանդես կգան Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված առաջարկություններով:

«Ժառանգությունը 15 տարի անընդմեջ ընտրական գործընթացների մեջ է, և մենք գիտենք՝ ինչ է անհրաժեշտ փոփոխել ընտրական օրենսգրքում»,- ասաց նա՝ հավելելով, որ գոնե այս ընտրություններին ընտրական մուտքի շեմը խորհրդարան պետք է իջեցվի:

«Այս անգամ մենք ֆորսմաժորային իրավիճակում ենք գործելու և, հետևաբար, խորհրդարանում պետք է շատ այլ ուժեր լինեն` հասարակության ձայնը լսելի դարձնելու համար: «Կարևոր է, որ հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասնի նաև ինստիտուցիոնալ առումով»,- ասաց նա:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում:

Մասնավորապես, կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:

Տեսանյութեր

Լրահոս