
«ժառանգությունը» կառավարության շահառուն է և աջակիցը. Արմեն Մարտիրոսյան

«ժառանգություն» կուսակցությունն աջակցում է Հայաստանի նոր կառավարությանը և շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի այս կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություներում հաջողի: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` անկախ այն բանից, իրենց կուսակցությունը կա, թե չկա կառավարությունում, «ժառանգություն»-ը կառավարության շահառուն է և աջակիցը:
«Մենք կանգնած ենք եղել այս գործընթացի հիմքում: Փողոցային ակցիաներին ակտիվ մասնակցել են նաև մեր կուսակցության ներկայացուցիչները: Մենք ջանքեր չենք խնայելու՝ ունենալու այնպիսի կառավարություն, որտեղ ներկայացված կլինի հնարավորինս լայն հասարակական տարբեր շերտերի խոսափողը»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանը ստացել է շատ մեծ հնարավորություն զարգանալու, քաղաքակիրթ աշխարհի պետությունների շարքում իր քաղաքացիների սոցիալ- տնտեսական, իրավական ապահովությունը կյանքի կոչելու:
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին՝ Մարտիրոսյանն ասաց, որ Արցախում ներքին քաղաքական պայմանավորվածության շատ հեշտ են գալիս, և, հետևաբար, այնտեղ այլ եղանակ է:
«Արցախում տեղի ունեցող գործընթացներին նորմալ եմ նայում: Ես կարծում եմ, որ քաղաքացիների բողոքի ակցիաներին կփոխարինի կառավարման համակարգում ակտիվությունը»,- ասաց նա: