«Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ տանես, մի տեղ պահես, նաև իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն». Էդմոն Մարուքյան

«Բոլորս ցնցված ենք և շոկի մեջ ենք: Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքը, կարծում եմ, տարբերվում է, որովհետև սա կոնկրետ պատերազմական գործողությունների արդյունք դրամահավաքի և անգամ դպրոցներից կազմակերպված աջակցության թալան է, որը մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

Ըստ նրա` ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում եղել է ոստիկանություն, ԱԱԾ, Պաշտպանության նախարարություն, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ այն ուղղորդելը, և՛ բաշխելը, հետևաբար` միայն պարոն Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա այս ամենի համար:

Նրա կարծիքով` Արմավիրում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող էին իմանալ այս ամենի մասին. «Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ տանես, մի տեղ պահես: Ես կարծում եմ` նաև իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն»:

Քաղաքական առումով, ինչպես նշեց Է.Մարուքյանը, ՀՀԿ խմբակցությունը (քանի որ Մանվել Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, այլ ՀՀԿ խմբակցության անդամ է) պետք է քաղաքական գնահատական տա և աջակցի իրավապահ մարմիններին, որևէ խաթարող միջամտություն չպետք է լինի դրա հետ կապված:

Կարդացեք նաև

Է.Մարուքյանը նշեց, որ ակնհայտ է, որ կասկածները եղել են նախկին իշխանությունների օրոք, և պետք է պատասխան տան` ստուգել են, չեն հայտնաբերե՞լ, թե՞ անգործության են մատնված եղել:

Նրա խոսքով` որևէ մեկի ամառանոցում, թույլտվություն ստանալ և խուզարկություն իրականացնել՝ դժվար բան չի եղել, խնդիրը քաղաքական կամքն է, իրավապահների գործողությունները քաղաքական մակարդակով կանգնեցվե՞լ են, թե՞ ոչ:

«Այդտեղ բաներ կան, որ մի մարդու գիտենալով չի,- ասաց Է.Մարուքյանը` նկատելով, որ պարոն Գրիգորյանը չէր կարող միայնակ այդ մեքենաները, արկղերը տանել, վերաբաշխել,- Չպետք է նա միակ մեղավորը լինի, պետք է նաև այլ պատասխանատուներ լինեն»:

Է.Մարուքյանի կարծիքով` քաղաքական իշխանություններն արդեն կրում են պատասխանատվություն այս տեղեկատվության տարածման պահից. «Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»:

Տեսանյութեր

Լրահոս