«Ես շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, թե ադրբեջանական համայնքն ինչպիսի մեծ հրճվանքի մեջ պետք է հայտնվի և փորձի օգտագործել սա»

«Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամեն ինչն իսկապես այնպես է, ինչպես տեսանք, մեկնաբանության կարիք էլ չունի: Ես շատ ավելի մեծ վտանգներ եմ տեսնում այն առումով, թե ադրբեջանական համայնքն ինչպիսի մեծ հրճվանքի մեջ պետք է հայտնվի և փորձի օգտագործել, բնականաբար, ներկայացնելով, որ նույն Մանվել Գրիգորյանը, 5-րդ բրիգադն ազատագրել է տարածքներ»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով Մանվել Գրիգորյանի ամառանոցում ԱԱԾ-ի խուզարկության և հատյնաբերածի մասին:

Ըստ նրա` ամեն դեպքում Գրիգորյանը Արցախի հերոս է, և իր ամենամեծ ցավը հերոսներին վարկաբեկելն է: Եթե ամեն ինչ հաստատվի, Ա.Ռուստամյանն իրողությունը որակում է «խայտառակություն և ամոթ»: Նրա խոսքով` կատարողներն առաջին հերթին՝ պետք է պատասխան տան երեխաների առաջ, որոնք զինվորներին նամակներ են գրել:

Նա նշեց, որ զգացմունքայնությունից զատ, ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համապատասխան, Գրիգորյանն անձեռնմխելիություն ունի, կա նաև անմեղության կանխավարկած, քանի դեռ մեղքը չի հաստատվել:

«Պետք է թույլ չտանք՝ ծայրահեղացնեն և սև բիծ քաշեն անցած կենսագրության վրա»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ ԱԱԾ-ն այս ամենը չբացահայտեց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, Ա.Ռուստամյանը նշեց, որ վաղուց են խոսել, որ նման երևույթներ կային, ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպում են ունեցել և բարձրացրել բանակում խայտառակ դրսևորումները, ցույց են տվել այն պահածոները, որոնք զինվորներին են տրվել, բայց որոնք շներն էլ չէին ուտում:

Նա հրաժարվեց շատ մանրամասներ ներկայացնել այդ փակ հանդիպման մասին՝ նշելով, որ խոսքը սննդի, հագուստի, կապի միջոցների, բլինդաժների և այլ խնդիրների մասին է եղել, ինչից հետո կտրուկ փոփոխություններ եղան:

Նա նշեց, որ այդ ժամանակ ինչ-որ գործընթաց սկսվեց, որ քննեն բացթողումները, բայց ինչպես երևում է՝ մինչև վերջ չեն գնացել, անձեռնմխելի անձինք անձեռնմխելի տարածքներ են ստեղծել: Նա հույս հայտնեց, որ նոր իրողություններում պատնեշը կփլվի, և այլևս չեն լինի անձեռնմխելի տարածքներ:

«Ես կարծում եմ` գործն այստեղ չպետք է կանգնի, եթե սկսել ենք, և եթե գեներալ Մանվելն անձեռնմխելի չի այդ հարցով, ոչ ոք իրեն չի կարող անձեռնմխելի համարել, և ճիշտ կլինի՝ ամեն ինչ իր տեղը դնելու գործընթացը, բանակն իսկապես թափանցիկ և արդյունավետ ղեկավարելու գործընթացն իր նպատակին հասնի վերջնական»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Հարցին` Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է եղել, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Դա նույնպես գործի քննությամբ պետք է բացահայտվի»:

Ըստ նրա` յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրել այն մասով, ինչքանով տեղյակ է եղել: Դիտարկմանը, որ տարիներ շարունակ խոսվել է այդ մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Խոսվելն ուրիշ բան է, փաստերն ուրիշ բան են: Խոսենք փաստերով, նորից պետք չի տնավարի այս հարցերին վերաբերվել»:

«Այնպես չի, որ այս ամենի մասին լռել ենք: Քննիչներն այսօր կարող են ամբողջությամբ բացահայտել: Վերջում ում կներկայացնեն այդ ամենի իմացող կամ կազմակերպիչ, պետք է պատասխան տա»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս