Սեուլը նպատակ է դրել, որ այս տարի հայտարարվի Կորեական պատերազմի ավարտը
Հարավային Կորեայի կառավարությունը նպատակ է դրել այս տարի հասնել այն բանին, որ պաշտոնապես հայտարարվի 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտը: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան:
«Ձգտել այս տարի հասնել դրան՝ մեր կառավարության նպատակն է»- նախարարի խոսքը մեջբերել է «Ռյոնհափ» հարավկորեական գործակալությունը:
Պաշտոնապես Կորեայում պատերազմը դեռեւս ավարտված չէ, մարտական գործողությունները դադարել են զինադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ: ԿԺԴՀ-ի բոլոր փորձերը՝ ԱՄՆ-ից հասնելու հաշտության պայմանագրի ստորագրման, մինչ այժմ Վաշինգտոնում մերժվում էին:
Սակայն հունիսի 12-ին Սինգապուրում պատմության մեջ առաջին բարձր մակարդակի ամերիկա-հյուսիսկորեական հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ քննարկել հաշտության պայմանագիրը: Հարավային Կորեայում նախագահ Մուն Չժե Ինի իշխանության գլուխ գալուց հետո հարաբերությունների ջերմացում է սկսվել Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Այս տարվա ընթացքում կայացել է հանրապետությունների ղեկավարների արդեն երկու գագաթնաժողով՝ ապրիլին եւ մայիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: