
Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում, խոստացել էր, որ ընտրություններից հետո իրենց առաջին գործը լինելու է արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը: Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն:
Մոռանալով խոստումը՝ Էրդողանն այս անգամ հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմը կրկին կարող է երկարաձգվել, եթե «ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության անհրաժեշտություն» լինի:
Դիմելով հասարակությանը՝ Էրդողանը խոստացել է նաև, որ արտակարգ դրության ռեժիմը չի անդրադառնալու երկրի և պետական մարմինների բնականոն կյանքի վրա:
Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք չպետք է թուլացնի զգոնությունը ահաբեկչության դեմ պայքարում և որ, եթե անհրաժեշտ լինի արտակարգ դրություն մտցնելը, խնդիր չի լինի:
«Արտակարգ դրության ռեժիմ մտցնելը խնդիր չէ, եթե անհրաժեշտ լինի, կրկին կմտցնենք»,-հայտարարել է Էրդողանը: