
Ֆրանսիացիների մեծամասնությունը Թրամփին համարել է ագրեսիվ և վտանգավոր

Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ նրան համարելով ագրեսիվ եւ վտանգավոր մարդ: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել է Le Figaro թերթի համար։ Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 71 տոկոսը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում ԱՄՆ-ի նախագահին ու նրա գործունեությունը:
Բացի այդ, հարցվածների 86 տոկոսը Թրամփին որակել է «ագրեսիվ» մարդ: Ֆրանսիացիների մոտավորապես 80 տոկոսը ԱՄՆ-ի նախագահին համարել է «ռասիստ», իսկ մասնակիցների 81 տոկոսը՝ «վտանգավոր»:
Հարցման մասնակիցներին նաեւ առաջարկվել է գնահատել վերջերս տեղի ունեցած գագաթնաժողովը, որին մասնակցել են Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Հարցվածների 70 տոկոսն այդ հանդիպումը որակել է «փիառ-քայլ», որի արդյունքները հետագայում չեն կարողանա հանգեցնել խաղաղության հաստատման տարածաշրջանում:
Հարցումն անցկացվել է հունիսի 13-14-ին, դրան մասնակցել են հազարից ավելի ֆրանսիացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: