Բաժիններ՝

«Սիրում եմ և՛ կոմեդիա, և՛ դրամա, և՛ տրագիկոմեդիա». Լուիզա Ղամբարյան

Սեմ Բոբրիկի «Եթե անկեղծ խոսենք» ստեղծագործությունը փաստում է, որ հաճախ ճշմարտությունը բարձրաձայնող մարդուն հիվանդ են համարում, այնինչ նա ասում է այն, ինչ իրականում շատերն են մտածում, սակայն ոչ բոլորն են համարձակվում խոսել այդ մասին:

Այդ գործի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը նոր թատերաշրջանում կընդգրկվի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում:

Բեմադրության ռեժիսորը Ժան Նշանյանն է: Դերերում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը, Արթուր Ութմազյանը և Վահագն Գալստյանը:

Ներկայացման շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Լուիզա Ղամբարյանի հետ:

«Մարմնավորում եմ երկար տարիների փորձառությամբ հոգեբույժի: Օրերից մի օր նրա մոտ է գալիս այցելու, որին բուժելու ընթացքում նրանց դերերը փոխվում են: Պարզվում է, որ հենց ինքը` հոգեբույժը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Այս գործի ասելիքն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի ինքնամաքրման, վերանայի իր հայացքները: Այսպես ասած, մենք մեր աչքի միջի գերանը չենք տեսնում, բայց ուրիշի աչքի փուշը տեսնում ենք»,- նշեց դերասանուհին:

Նա խոստովանեց, որ իր համար պատիվ է նույն բեմում հանդես գալ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի հետ:

Լուիզա Ղամբարյանին կարելի է տեսնել ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական դերերում, բայց, ինչպես դերասանուհին է ասում, այս կամ այն դերում իրեն ավելի հարմար զգալն անմիջականորեն կախված է նրանից, թե կյանքի տվյալ հատվածում ինքն ինչ հոգեվիճակում է, ինչ աշխարհընկալում ունի:

«Իմ մասնագիտական պաշարը ծառայում է ինձ, բայց շատ մեծ կապ ունի, թե ես ինչ նյութ եմ ներկայացնում և ինչպես եմ վերաբերվում դրան: Սիրում եմ և՛ կոմեդիա, և՛ դրամա, և՛ տրագիկոմեդիա: Եվ էական եմ համարում բոլոր ժանրերում էլ անկեղծ և հավաստի լինելը: Փորձում եմ իմ ուժերի չափով այդպիսին լինել»,-շեշտեց դերասանուհին:

Անդրադառնալով ստեղծագործական նոր ծրագրերին` Ղամբարյանն ասաց, որ հեռուստատեսային որոշ առաջարկներ ունի, որոնք դեռ խմորման մեջ են:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս