Բաժիններ՝

Պորտուգալիա-Իսպանիա. պե՞տք է սպասել «կարմիր ֆուրիայի» հաղթանակին

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:00-ին, տեղի կունենա Աշխարհի առաջնության խմբային փուլի Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը: Աշխարհի 2018 թվականի առաջնության ֆավորիտներից երկուսը կփորձեն պայքարել խմբում առաջին հորիզոնականը գրավելու համար:

Իսպանիայի ընտրանին դարձավ վերջին օրերի գլխավոր նյուզմեյքերը՝ սկանդալային կերպով հեռացնելով գլխավոր մարզչին և կարևոր խաղից առաջ մնալով առանց Լոպետեգիի: Կօգտվի՞ այս ամենից Պորտուգալիան:

Պորտուգալիա

Պորտուգալիայի հավաքականը Ռուսաստան է մեկնել Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով: Պորտուգալացիները Ֆրանսիայում կարողացան նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ հիմնական ժամանակում հաղթելով միայն մեկ անգամ:
Նախընտրական փուլը Պորտուգալիան կարողացավ հաղթահարել միայն վերջին խաղում Շվեյցարիային հաղթելուց հետո: Միայն այս հաղթանակը թույլ տվեց Ֆերնանդու Սանտուշի սաներին միանգամից դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Այս խաղը խմբային փուլում ամենաբարդն է լինելու պորտուգալացիների համար: Մի շարք ֆուտբոլիստներ հարցազրույցներ են տվել՝ նշելով, որ Իսպանիայի հետ խաղին պատրաստվում են առանձնահատուկ:

Պորտուգալիայի առավելություններից պետք է, իհարկե, նշենք Ռոնալդուին, Սանտուշին և նրա պրագմատիզմը, շատ փորձառու կազմը, «Մանչեսթեր Սիթիի» մակարդակի թարմ և երիտասարդ ֆուտբոլիստների, դարպասապահ Պատրիսիուին:

Իսպանիա

Ընդամենը մեկ շաբաթ առաջ կարող էինք ասել, որ Իսպանիան պատրաստ է հաղթել Աշխարհի առաջնությունը, քանի որ հավաքականում իր թարմ և նորարարական գաղափարներն է իրականացնում մարզիչ Լոպետեգին: Թիմում այժմ շատ լավ մթնոլորտ է՝ համեմատած նախորդ տարիների հետ: Սակայն իրավճակը փոխվեց մեկ օրում: Մադրիդի «Ռեալը» հայտարարեց, որ ունի նոր գլխավոր մարզիչ՝ Խուլեն Լոպետեգին:

Հայտարարության հաջորդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսն ասաց, որ իրենք դադարեցնում են համագործակցությունը գլխավոր մարզչի հետ: Ստացվում է, որ Պորտուգալիայի հետ կարևորագույն խաղից 2 օր առաջ իսպանացիները մնացին առանց գլխավոր մարզչի: Արդյունքում, իսպանական ընտրանու գլխավոր մարզիչ դարձավ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Իերոն, ով ուներ միայն 2 օր հավաքականի հետ աշխատելու համար:

Որակավորման փուլի ժամանակ «կարմիր ֆուրիան» ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին՝ 2-րդ հորիզոնականը գրաված Իտալիային շրջանցելով 5 միավորով: Իսպանացիները համոզված են, որ չեն կրկնի նախորդ առաջնության արդյունքը: Հիշեցնենք, որ 2014-ին իսպանացիները չկարողացան անգամ դուրս գալ խմբից:

Այս խաղից առաջ իսպանացիների նոր գլխավոր մարզիչը հարցազրույց տվեց և հանգստացրեց երկրպագուներին՝ նշելով, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, և իրենք պատրաստ են հաղթել: Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ թիմում խաղում են այնպիսի պրոֆեսիոնալներ, որ կարող են ելք գտնել անգամ ֆորսմաժորային իրավիճակներից:
Իսպանիայի հավաքականում հաջողությամբ համատեղվում են փորձը և երիտասարդությունը: Այս հավաքականն ավելի շատ նման է Խավիի և Ինիեստայի հավաքականին: Թիմի առավելություններից մեկն էլ այն է, որ ֆենոմենալ Ինիեստան վերջին անգամ է մասնակցելու Մունդիալին և փորձելու է անել առավելագույնը:

Ի՞նչ սպասել խաղից

Իսպանիայի հավաքականին կարելի է համարել այս հանդիպման ֆավորիտը: Երկու երկրները գտնվում են հարևանությամբ և ունեն առանձնահատուկ հարաբերություններ, բայց նրանց խաղերը միշտ ստացվում են շատ սկզբունքային:

Պորտուգալացիների համար կարող է հաղթաթուղթ դառնալ իսպանական ճամբարում լարված և ոչ կայուն իրավճակը, սակայն այդ դեպքում պետք է լսել Իերոյին, ով նշում է, որ ոչ մի խնդիր չկա:

Որակական առումով իսպանական ընտրանին գերազանցում է մրցակցին և, եթե չլինեն հոգեբանական խնդիրներ, իսպանացիները կկարողանան հաղթել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս