Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը՝ Գիտության պետական կոմիտեի նախագահի կոռուպցիոներության և ԲՈՀ-ի նախագահի «լկստված» լուսանկարների մասին

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր կադրային նշանակումներին։

Նա նշեց, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը, իրոք, նախապես տեղեկացված չի եղել պաշտոնից իր հեռացման մասին, ինչը տեխնիկական խնդիրների պատճառով է եղել, ինքը հանդիպել է նրա հետ, և խնդիրը հարթված է։

ԲՈՀ-ի նոր նախագահ Սմբատ Գոգյանին Ա.Հարությունյանը բնութագրեց՝ որպես փայլուն գիտնական, ազատ մարդ, մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում ունեցող։ Սմբատ Գոգյանի անսովոր նկարները Ա.Հարությունյանը բացատրեց այն հանգամանքով, որ Գոգյանը պատանեկան տարիքում է հայտնվել Ֆեյսբուքում.

«Եվ եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել՝ մի քիչ լկստված և այլն, յուրքանչյուրիս հետ կապված կարող է նման նկարներ լինեն։ Եկեք դրա վրա չհիմնվենք, հիմնվենք մարդու գիտելիքների վրա»։

Անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի վերանշանակմանը, երբ գիտնականները դժգոհում են, որ նա կոռուպցիոների համբավ ունի, Ա.Հարությունյանը պահանջեց հատ-հատ նշել այն մարդկանց անունները, որոնք ասում են, որ կան կոռուպցիոն փաստեր։
Դիտարկմանը, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել, որ Ա.Հարությունյանը չի ընդունել այն գիտնականներին, ովքեր պատրաստվում էին պատմել Սամվել Հարությունյանի արարքների մասին, նախարարը հակադարձեց.

«Այդպիսի բան չի եղել։ Դանիել Իոաննիսյանն իր ստատուսը գրելուց հետո է միայն մեկ գիտնականի հեռախոսահամար ուղարկել ինձ, և ես առաջիկա 1-2 օրերին կհանդիպեմ նրա հետ»:

Նա վստահեցրեց, որ որևէ մեկը երաշխավորված չէ ազատվելու իր պաշտոնից, եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, և այս նշանակումը որևէ բան չի նշանակում.

«Եթե իմ հետ կապված, վարչապետի հետ կապված, Սամվել Հարությունյանի հետ կապված կլինեն բացահայտումներ, այդ մարդը կհեռացվի պաշտոնից»:

«Բոլոր նշանակումների հետ կապված, կարծում եմ, մի քիչ պետք է արձագանքներին զգույշ լինել, որովհետև այդ արձագանքները կարող են պայմանավորված լինել տվյալ անձանց միջանձնային հարաբերություններով, տվյալ անձանց հարազատների կամ հենց իրենց՝ պաշտոնների չհայտնվելու որոշակի սպասումներով»,- նկատեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս