Բաժիններ՝

Արցախի ոստիկանությունն արձագանքել է Հայկ Խանումյանի հայտարարությանը

Այսօր¸ հունիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել սույն թվականի հունիսի 15-ին և 16-ին ժամը 19։00-ին մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի արձանի հարևանությամբ հավաք հրավիրելու մասին։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանների կարգն ու պայմանները հաստատելու մասին» Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշման 1-ին կետի համաձայն Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ քան 7 օր¸ և ոչ շուտ քան 30 օր առաջ անձամբ կամ փոստով գրավոր իրազեկում է Ստեփանակերտի քաղաքապետարան¸ բացառությամբ մինչև 20 մասնակից ունեցող¸ շտապ և ինքնաբուխ հավաքների։ Որպես պարզաբանում¸ նշենք¸ որ նախատեսված հավաքները չեն կարող դիտարկվել որպես շտապ և ինքնաբուխ հավաքներ¸ քանի որ նախապես հայտարարություն էր տարածվել հավաքի կազմակերպման վերաբերյալ։

Վերոնշյալի հիմքով¸ Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ կազմակերպվելիք հավաքները իրականացվում են «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմանների կարգն ու պայմանները հաստատելու մասին» Ստեփանակերտի քաղաքապետի որոշման պահանջների խախտմամբ¸ ու հետևաբար դրանցից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը կամ կազմակերպիչները։

Արցախի Հանրապետություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս