Բաժիններ՝

Բելգիայում թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման գործով ևս մեկ հայ է կալանավորվել

Կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելու գործով Բելգիայում կալանավորվել է 6-րդ հայը: Այս մասին հայտնում է Sport24-ը:

Բելգիայի դատախազության գրասենյակից հայտնել են, որ ազգությամբ հայ վեցերորդ տղամարդը դատախազության միջնորդությամբ կալանավորվել է:

«Նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման, հանցախմբի անդամ լինելու և խաղադրույքների հետ կապված օրենսդրության խախտման մեջ»,- ասվում է դատախազության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ի տարբերություն մյուս 5 հայերի, 32-ամյա Կարեն Հ.-ի դեմ մեղադրանք է ներկայացվել նաև խաղադրույքների հետ կապված օրենքների խախտման վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգ հայեր, ում քաղաքացիությունը հայտնի չէ, այն 13 անձանց շարքում են, ովքեր հունիսի 5-ին Բելգիայում ձերբակալվել էին: Ավելի ուշ նրանցից 8-ն ազատ էին արձակվել:

Բելգիայի դատախազությունից հայտնել էին, որ հանցախումբը, որում ներգրավված են բելգիացիներ և հայեր, 2014 թվականից ի վեր կաշառել է թենիսի պրոֆեսիոնալ խաղացողներին՝ խաղի ցանկալի արդյունք ստանալու համար, ինչը թույլ է տվել հանցագործ դեմքերին շահույթ ունենալ խաղադրույքների միջոցով:

Դատախազությունը հայտնում է, որ կաշառված խաղերը հիմնականում եղել են ոչ բարձր վարկանիշ ունեցող, հազվադեպ հեռուստատեսությամբ հեռարձակվող մրցումներ, որտեղ ավելի հեշտ է խաղացողներին կաշառելը:

Սպորտային գլխավոր կառույցներն ապրիլին հանդես էին եկել զեկույցով, որում նշվում էր, թե թենիսը լրջագույն խնդիրների է բախվում ինտերնետային խաղադրույքների կտրուկ աճով պայմանավորված: Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խախտումներն ու կոռուպցիոն դրսևորումները գրանցվել են ցածրակարգ թենիսային մրցումներում, իսկ «Մեծ սաղավարտի» մրցումներում հնարավոր խախտումները «քիչ հավանական են»:

Բելգիայի հետաքննիչները խնդրի ուսումնասիրման համար համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Նիդերլանդների ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս