Թևան Պողոսյանը Մանե Թանդիլյանին հորդորում է վերադառնալ պաշտոնին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն ուրախ է, որ կառավարության ծրագիրը հաստատվեց։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ  կառավարությունը նոր ոճով ներկայացրեց ծրագիրը, որը, ըստ նրա՝ ավելի շատ տեսլականի նման էր։

«Գլխավոր խնդիրն այն է, որ ամեն ինչ կփորձեն անել, որ այս մեկ տարվա ընթացքում կունենանք կոռտուպցիայի դեմ պայքար, այն ինստիտուտների զարգացում, որոնք կապահովեն նոր ընտրությունների անաչառությունը, անկախությունն ու ազնվությունը, հավասար պայմաններ»,- ասաց նա՝ շեշտադրելով նոր՝ հասարակությանը հաղորդակցելու, բացատրելու մշակույթի զարգացման կարևորությունը։

«Գործողությունները պետք է բացատրվեն, ամեն բան պետք է լինի թափանցիկ: Հանրությունն իրավունք ունի իմանալ և պահանջել, իսկ կառավարությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, բացատրել և հիմնավորել: Եթե այս նոր մշակույթը փորձենք մինչև ընտրությունները զարգացնել, ապա վստահ եմ, որ դրանից հետո կունենանք շատ ավելի լուրջ առաջընթաց։ Իհարկե, ունենք նաև բացթողումներ, բայց սխալվում են այն մարդիկ, որոնք ինչ-որ գործողություններ են անում: Ուրախ կլինեմ, եթե մենք ավելի հզոր պահանջատեր դառնանք՝ պահանջելով բարեփոխումների հիմնավորումներն ու բացատրությունները»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նախագահի խորհրդականը դրական է գնահատում կառավարության հասցեին հնչող քննադատությունները.

Կարդացեք նաև

«Հնչող քննադատությունները, որոնց մեջ կա ռացիոնալ հատիկ, որով պետք է բարելավել, շատ ուրախ կլինեմ, որ այդ առաջարկներն ընդունվեն։ Կառավարությունը եկել է՝ ծառայելու հանրությանը»:

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը, ապա Պողոսյանը շեշտեց՝ համակարգի ներդրման հետ կապված շատ լավ հիմնավորումներ ներկայացվեցին՝ թույլ տալով, որ մարդը ծերության օրոք բեռ չդառնա իր երեխաների կամ թոռների համար:

«Կառավարությունը չի ձախողել, իսկ Մանե Թանդիլյանին էլ կհորդորեմ վերադառնալ պաշտոնին, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայն պարտադիր կուտակայինը չէ»,- ասաց Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս