
Ռուսական ռազմակայանի ավիանշանառուները ուսուցում են անցնում Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի հաստիքային եւ արտահաստիքային ավիանշանառուների պաշտոններում նշանակված զինծառայողները շոգ կլիմայի պայմաններում հատուկ մարտավարական պարապմունքների են ձեռնամուխ եղել «Ալագյազ» զորափորձարանում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Նախօրյակին սպաներն ուսումնասիրել են ռազմակայանի սպառազինության մեջ գտնվող կործանիչ, բանակային ու անօդաչու ավիացիայի տակտիկատեխնիկական բնութագրերը, ցամաքային բաղադրիչի աջակցման համար ավիացիոն տեխնիկայի կիրառման առանձնահատկությունները եւ անվտանգության պահանջների պահպանումը:
Գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործում են տարբեր թիրախների վրա ՄիԳ-29 կործանիչների, Մի-8ՄՏՇ, Մի-24Պ ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի նշանառման հմտությունները, ուղեգիծը նշելով ըստ կողմնորոշիչների ու կոորդինատների, մեծ ու փոքր բարձրություններով ու արագություններով, պարզ ու բարդ օդերեւութաբանական պայմաններում՝ ցերեկային ու գիշերային ժամերին:
Մարտավարական հատուկ պարապմունքների ընթացքում սպաներն օդանավերը պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների վրա են ուղղորդելու առանձին, զույգերով ու օղակներով՝ անօդաչուների կիրառմամբ՝ նպատակ ունենալով ընտրել նշանառման ճշգրիտ ուղեգծերը:
Ռուսական ռազմակայանի ավիանշանառուների ուսուցման պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ եւ գործի է դրված շուրջ 20 միավոր ռազմական ու ավիացիոն տեխնիկա: