
Վիետնամը Չինաստանից պահանջել է հեռացնել ՀՕՊ-ի համալիրները Հարավչինական ծովի վիճելի կղզիներից

Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ:
Այս մասին ասված է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թհի Թհու Հանգի հայտարարության մեջ, որը տարածվել է հունիսի 15-ին:
Դիվանագետի ելույթը դարձել է CNN հեռուստաընկերության ռեպորտաժի արձագանքը, որն այս շաբաթ ավելի վաղ, վկայակոչելով արբանյակային լուսանկարների վերլուծությունը, հայտնել է, որ Չինաստանի հակաօդային պաշտպանության համալիրներ են հայտնվել Պարասելյան կղզիների կազմի մեջ մտնող Վուդի վիճելի կղզում:
«Չինաստանի կողմից ՀՕՊ-ի միջոցների տեղակայումը Հոանգշա կղզիներում (Պարասելյան կղզիների վիետնամական անվանումը) այդ տարածքների նկատմամբ Վիետնամի ինքնիշխանության լուրջ խախտում է: Չինաստանի այդ քայլերը նպաստում են լարվածության սաստկացմանը եւ սպառնալիք են ստեղծում Արեւելյան ծովի շրջանում նավարկության եւ օդագնացության ազատության համար»,- նշել է ՎՍՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: