
Պակիստանյան թալիբների պարագլուխն ավիահարվածով ոչնչացվել է Աֆղանստանում. Tolo News

Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման պարագլուխ մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է հունիսի 13-ին Պակիստանի հետ սահմանակից Կունարի նահանգում: Նշվում է, որ սպանվել են շարժման եւս չորս դաշտային հրամանատարներ:
Մարտի 9-ին Պետդեպարտամենտը 5 մլն դոլարի չափով պարգեւատրում էր խոստացել այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել «Թեհրիք ի թալիբան Պակիստան»-ի պարագլխին:
Պետդեպարտամենտն այդ խմբավորումը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում է ներառել 2010 թվականի սեպտեմբերի 1-ին: ՄԱԿ-ը խմբավորման նկատմամբ համանման միջոցներ է ձեռնարկել 2011 թվականի հուլիսի 29-ին: «Թեհրիք ի թալիբան Պակիստան»-ը Ֆազուլայի ղեկավարությամբ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Փեշավարում հարձակում է կատարել դպրոցի վրա:
Այն ժամանակ զոհվեց առնվազն 148 մարդ, հիմնականում՝ երեխաներ: Բացի այդ, խմբավորումը Ֆազուլայի առաջնորդությամբ կազմակերպել է պակիստանցի գեներալ Սանաուլլա Նիյազիի սպանությունը, պատանի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի դեմ կատարված մահափորձը եւ մի շարք այլ հարձակումներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: