
Facebook-ի փոխնախագահը պաշտոնանկ է եղել սկանդալից հետո

Facebook ընկերության հանրային հաղորդակցությունների գծով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հունիսի 14-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա ղեկավարում էր այն միջոցները, որոնք ընկերությունը վերջին ամիսներին ձեռնարկում էր համանուն սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալները կողմնակի կազմակերպությունների փոխանցելու շուրջը ծագած սկանդալի ֆոնին։
«Facebook-ում ավելի քան 10 տարի լինելուց հետո ես որոշեցի, որ եկել է իմ կյանքում նոր գլուխ բացելու ժամանակը»,- նշել է Շրեյջը Facebook-ի իր բլոգում:
Մարտ ամսին Facebook-ը հայտնվեց աղմկահարույց սկանդալի կենտրոնում սոցցանցի տվյալները Cambridge Analytica ընկերությանը փոխանցելու վերաբերյալ The New York Times թերթի հրապարակումից հետո: Տարբեր գնահատումներով՝ խոսքը վերաբերում է մոտավորապես 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալներին:
Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ապրիլին ստիպված էր ելույթ ունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու ունկնդրումների ժամանակ: Ձեռնարկատերն ամերիկացի օրենսդիրներին հավաստիացրել է, որ այսուհետեւ Facebook-ում ավելի խնամքով կվարվեն օգտատերերի անձնական տվյալների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: