Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը. Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Պեկին կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին այն բանի համար, որ նա ընդունեց ինձ: ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծմանը եւ տարածաշրջանում տեւական ու կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է նա իր Twitter-ում:

Փոմպեոյի խոսքով՝ ինքն «արդյունավետ հանդիպումներ է անցկացրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի, Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի, արտաքին գործերի նախարար Վան Իի հետ»: «Մենք խոսեցինք ԿԺԴՀ-ի, առեւտրի, Հարավչինական ծովում տիրող իրադրության մասին, ինչպես նաեւ քննարկեցինք մի շարք այլ հարցեր: Մենք հանձնառու ենք Չինաստանի հետ արդյունքների միտված կառուցողական հարաբերությունների զարգացմանը», – հավելել է պետքարտուղարը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նոյերթը տարածված հայտարարության մեջ նշել է, որ Փոմպեոն Չինաստանի բարձրագույն ղեկավարությանն իրազեկել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն ունի գագաթնաժողովի «հանգուցային արդյունքների» մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս