Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Այս մասինն գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ, այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»,- գրել է Գրիգորյանը:
2018թ. ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսը մտադիր է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հունիսի 11-ին հաստատվեց, որ մատակարարումն արդեն իրականացվել է: