Հովհաննես Իգիթյանը հորդորում է Մանե Թանդիլյանին վերադառնալ պաշտոնին, իր պարտականությունները կատարելուն
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ 168.am-ը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարական ներկայացնելու փաստը։
Ի պատասխան՝ Հ. Իգիթյանն ասաց. «Հիմա ընդունված է բաց նամակներով դիմել, ես կդիմեի Մանե Թանդիլյանին, քանի որ առայժմ հաստատված չէ իր հրաժարականը, վերադառնալ պաշտոնին, իր պարտականությունները կատարելուն։
Իրականում Սոցապ նախարարությունը բազմաթիվ խնդիրներ ունի։ Շատ կարևոր է այս պաշտոնում ունենալ ազնիվ, ոչ կոռումպացված մարդ։ Ցավոք, Հայաստանում շատ չեն նման մարդիկ։ Չմոռանանք, որ հենց Սոցապ նախարարները շատ հաճախ բռնվում էին տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ։
Ես համոզված եմ, որ Մանե Թանդիլյանն այն մարդն է, որը կդիմանա այդ բոլոր գայթակղություններին՝ կոռուպցիայի հետ կապված, և ազնիվ կաշխատի։ Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, որ նախկինում ինչ-որ մեկն ընդդիմադիր լինելով՝ մի բան է ասել, իսկ հիմա՝ ուրիշ, դա մի թեզ է, որը հիմնականում բերում են ՀՀԿ-ականները, դա դեմագոգիա է։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանը դեմ էր ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ես էլ էի դեմ, այսօր դառնալով վարչապետ՝ ինքն ունի այն իրավիճակը, որ մենք արդեն անդամ ենք։ Երբ դու ունես միջազգային պարտավորություններ, դու պետք է փորձես այդ միջազգային պարտավորություններից մաքսիմում շահ ունենալ։ Նույն էլ՝ կուտակայինի հետ կապված. կուտակայինի պարտադիր լինել-չլինելու հարցը լուծվում էր ԱԺ-ում 3 տարի առաջ։ Այս խնդիրն արդեն դրական ձևով ՀՀԿ-ականների կողմից քվեարկվել է։ Այսօր պարտավորություններ կան այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք այս կուտակայինի ձևավորված գումարը կարգավորում են։ Այսօր խզել դա՝ դժվար է»։
Հ. Իգիթյանն ասաց, որ ինքը կողմ էր, որ հետաձգվի այդ հարցը. «Բայց նույնիսկ, եթե դա չհետաձգվեց, համոզված եմ՝ Մանե Թանդիլյանը գիտի՝ կառավարությունը կոմպլեքսային աշխատանք է, ու այնտեղ կան տարբեր նախարարությունների ֆունկցիաներ, ու դրանք միշտ իրար խաչվում են։
Այնպես չէ, որ, եթե մի նախարարություն չկարողացավ անցկացնել իր տեսակետը, նախարարը պետք է հրաժարական տա, ինքը պետք է շարունակի աշխատել, իր հատուկ կարծիքը թույլ կտա կառավարությանն ավելի ուշադիր նայել այդ ոլորտին ու կոմպրոմիսի գնալ այս հարցում։ Ինձ թվում է՝ Մանե Թանդիլյանի ներկայությունը շատ կարևոր կլինի կառավարության աշխատանքներում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։