
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու օրն այնտեղ կտարվեն սրբի մասունքներ

Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում պահվող սրբի մասունքները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու օրը կտարվեն այնտեղ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին հունիսի 16-ին տոնախմբելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Դա նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է: Այս առիթով Գարեգին Երկրորդ ամենայն կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները: Արարողության սկիզբը 10:30-ին է:
Տարբեր ժամանակներում բարերարներ, առաքելական եկեղեցու հետևորդներ, նաև օտարազգի մարդիկ Հայ Առաքելական եկեղեցուն սրբերի մասունքներ են նվիրաբերել: Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ դրանք զետեղվել են հատուկ պատրաստված մասունքարաններում և պահվում են Մայր Աթոռի սրբազան պահոցներում: Սրբերի հիշատակության օրերին ձևավորված ավանդույթի համաձայն մասունքները դուրս են բերվում՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու: