Փոմպեոն և Հարավային Կորեայի նախագահը քննարկել են «հետագա քայլերը» ԿԺԴՀ-ի նկատմամբ
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ողջունել է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները՝ դրանք որակելով մեծագույն հաջողություն: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
«Կան գագաթնաժողովի արդյունքների բազմաթիվ տարբեր գնահատումներ, բայց առավել կարեւորն այն փաստն է, որ այդ հանդիպումը թույլ տվեց ամբողջ աշխարհին, ներառյալ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Չինաստանը, խուսափել միջուկային պատերազմի սպառնալիքից եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից»,- ընդգծել է Հարավայի Կորեայի նախագահը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Սեուլում կայացած հանդիպմանը:
«Կարծում եմ, որ նույնիսկ այդ մեկ փաստը շատ կարեոր է»,- հավելել է նա: Ավելի վաղ Մուն Չժե Ինը խոստացել է «նոր պատմությունը» գրել ԿԺԴՀ-ի հետ համատեղ: «Հետեւում թողնելով պատերազմի ու հակամարտության սեւ օրերը, մենք կգրենք խաղաղության ու համագործակցության նոր գլուխը»,- ասել է նա եւ հավելել, որ «ուրախ սրտով ողջունում է Հյուսիսային Կորեա-ԱՄՆ պատմական գագաթնաժողովի հաջողությունը»:
Հարավային Կորեայի նախագահի խոսքով՝ այդ հանդիպումը դարձավ «հիրավի պատմական իրադարձություն», որը կարող է վերջ դնել սառը պատերազմի ժամանակների վերջին հակամարտությանը: Փոմպեոն Սեուլում հանդիպում է անցկացրել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Կողմերը քննարկել են «հետագա քայլերը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդհանուր մոտեցման շրջանակներում», տարածված հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտը: Սեուլից ԱՄՆ-ի պետքարտուղարը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կուղեւորվի Պեկին:
Ինչպես ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության՝ նախօրյակին տարածված հայտարարության մեջ, «ուղեւորության ընթացքում տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ շփումների զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային բնույթի կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:
Ավելի վաղ լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ Փոմպեոն նաեւ հայտարարել է, որ մտադիր է Չինաստանում կայանալիք բանակցությունների ընթացքում ընդգծել Փհենյանի վրա պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չեն կատարվել միջուկազերծմանը վերաբերող պարտավորությունները: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել է Սինգապուրի Capella հյուրանոցում:
Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: