
Մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

82 տարեկան հասակում մերձմոսկովյան «Բարվիխա» առողջարանում հունիսի 14-ի առավոյան վախճանվել էռեժիսոր, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ հայտնել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Բարվիխա» առողջարանում ժամը 10:37-ին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մեր գործընկեր Ստանիսլավ Սերգեեւիչ Գովորուխինը: Նա մինչեւ վերջ պայքարում էր հիվանդության դեմ, բայց հիվանդությունը հաղթեց նրան»,-ասել է Վոլոդինը: Դրանից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը:
Ստանիսլավ Գովորուխինը ՌԴ ժողովրդական արտիստ է (2006 թ.): Բեմադրել է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ուղղահայաց», «Վորոշիլովյան հրաձիգը» ժապավենները, սցենարներ է գրել «Ռուսական բունտ», «41-ի հունիսին» ֆիլմերի համար: Գովորուխինը Պետդումայի պատգամավոր էր 1993 թվականից: