Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց ՊՊԾ գնդի գրավման գործով Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Պաշտպանը նշեց, որ եթե նախկինում առկա էին նրան կալանքի տակ պահելու հիմքեր, ապա ներկայումս դրանք գոյություն չունեն:
«Ես գտնում եմ, որ ստորագրությամբ չհեռանալը որպես խափանման միջոց ընտրելը լիովին կարող է ապահովել և երաշխավորել նրա պատշաճ վարքագիծը: Գրավի միջնորդություն չեմ ներկայացնում, քանի որ իմ պաշտպանյալը չունի գումարի որևէ չափ վճարելու հնարավորություն: Խնդրում եմ հաշվի առնել նրա ընտանեկան հանգամանքները` նրա խնամքի տակ են երեք անչափահաս երեխաներ: Բացի այդ, զինվորական ծառայության ընթացքում պաշտպանյալս ձեռք է բերել երրորդ կարգի հաշմանդամություն»,- ասաց Շուշանյանը:
Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը՝ նշելով նաև, որ վերջին շրջանում նրա վարքագիծը ևս տալիս է նրան ազատ արձակելու հիմքեր:
Մեղադրական կողմը չառարկեց և ասաց, որ Հայաստանում վերջին շրջանում իրադարձությունների փոփոխությամբ պայմանավորված՝ նրա կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորումը էականորեն նվազել է:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: