Չինական վերահաղորդիչ-արբանյակը L2 կետ է դուրս եկել Լուսնի հակառակ կողմում
Չինական «Ցյուեցյաո» («Կաչաղակի կամուրջ») վերահաղորդիչ-արբանյակը հունիսի 14-ին հաջողությամբ դուրս է եկել Լագրանժի L2 կետ Լուսնի հակառակ կողում՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում է այդ հալո-ուղեծրում: Այդ մասին ասված է Չինաստանի Ազգային տիեզերական վարչության հաղորդագրության մեջ:
«Ցյուեցյաո» վերահաղորդիչ-արբանյակը «Չանե-4» լուսնային առաքելության համար արձակվել է մայիսի 21-ին Չինաստանի հարավ – արեւմուտքի «Սիչան» տիեզերակայանից:
«Չանե-4» հետազոտական ապարատի արձակումը, որը պետք է փափուկ վայրէջք կատարի Լուսնի հակառակ կողմում, պլանավորված է այս տարվա երկրորդ կեսին: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապն անհնարին է, ուստի «Ցյուեցյաո» վերահաղորդիչ-արբանյակը պատասխանատու կլինի Երկրի եւ «Չանե-4» ապարատի միջեւ ազդանշանների փոխանցման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: