Ճապոնական մամուլը հայտնել է Կիմ Չեն Ունի և Սինձո Աբեի հանդիպման նախապատրաստման մասին
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Այդ մասին հայտնել է Sankei Shimbun ճապոնական թերթը: Նշվում է, որ իր համաձայնության մասին Հյուսիսային Կորեայի ղեկավարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է հունիսի 12-ին Սինգապուրում կայացած հանդիպմանը, ինչի մասին «բազմաթիվ կապուղիներով» Ճապոնիայի կառավարությանն իրազեկել է Վաշինգտոնը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը Կիմ Չեն Ունին ասել է, որ Փհենյանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե գործնականում իրականացվի ԿԺԴՀ-ի միջուկազերծումը: Իսկ եթե Հյուսիսային Կորեան ցանկանում է ստանալ Ճապոնիայի տնտեսական օգնությունը, ապա անհրաժեշտ է բանակցություններ վարել ճապոնական կողմի հետ:
Yomiuri Shimbun թերթը հայտնել է, որ Ճապոնիան եւ Հյուսիսային Կորեան արդեն գաղտնի բանակցություններ են վարում անցյալ հարյուրամյակի 70-ական եւ 80-ական թվականներին ԿԺԴՀ-ի գործակալների կողմից առեւանգված ճապոնացի հպատակների հարցի, ինչպես նաեւ երկու երկրների գագաթնաժողովի կազմակերպման շուրջ:
Հրատարակությունը նշում է, որ Աբեն կարող է Փհենյան այցելել ամռանը, կամ ԿԺԴՀ-ի եւ Ճապոնիայի ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում՝ ամենամյա Արեւելյան տնտեսական համաժողովում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: