«Հակամարտությունն ավելի է սրվում. ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել». Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Հունիսի 13-ի երեկոյան Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Շիրակի համալսարանում արդեն երկար ժամանակ լարված իրավիճակ է տիրում: Ամեն ինչ սկսվեց, երբ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունները սրվեցին՝ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ռեկտորն ազատել էր աշխատանքից: Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի՝ համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ էին սկսել, ամիսներ անց աշխատանքից հեռացվել էր նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո մայիսի 15-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, հրաժարական էր տվել, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լարվածությունը չսրելու նպատակով նախարարը խնդրել էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին քննարկել աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման հարցը, սակայն այս ընթացքում դասախոսներն աշխատանքի չվերականգնվեցին՝ այդպես էլ բուհում իրավիճակը թողնելով լարված:
Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բոլոր կողմերի հետ՝ առանձին-առանձին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ ինքը Գյումրի է եկել որպես միջնորդ՝ քանի որ պաշտոնապես իրավունք չունի միջամտելու բուհի ներքին խնդիրներին:
«Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, դա արվում է սուր կերպով, և այդ հակամարտությունն ավելի է սրվում: Հիմա ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել:
Ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ձևաչափ, որի դեպքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ` ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և միմյանց հետ քննարկեն հարցերը: Եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի, լուծում կգտնվի»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրին՝ նախարարը փաստեց, որ նախարարությունն այս պարագայում չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի խնդիրներին:
«ԿԳ նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս հարցում կամ ասել՝ ինքն ինչ կաներ այս իրավիճակում, բուհերն իրենք պետք է առավելագույնն անեն, որպեսզի հասնեն լուծումների: Ես իրենց աշխատանքի վերականգնման դիտարկումն արել եմ, բայց բուհերն իրենք պետք է որոշումը կայացնեն: Կա ինչպես նման, այնպես էլ դատական գործընթացով աշխատանքի վերականգնման հնարավորություն, հիմա պետք է միջինացնենք այս դիրքորոշումները և դրա շրջանակում փորձենք լուծումներ գտնել»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով բուհի հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորման և բուհի նոր ռեկտորի ընտրության հարցին՝ նախարարը փաստեց, որ պետք է ընդհանուր լուծում գտնել: «Իշխանություններն ունեն որոշակի լիազորություններ՝ որոշումներ պարտադրելու համար, բայց իմ ցանկությունն է, որ մենք հասնենք մի լուծման, որն ընդունելի լինի բոլորի համար»:
Արմենուհի Մխոյան