Առաջին անգամ Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ է դարձել աֆրոամերիկուհի՝ Լոնդոն Բրիդը
Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում: Քաղաքագլխի՝ հունիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումը մեկ շաբաթից ավելի է տեւել։: Արտահերթ ընտրությունները նշանակվել էին անցյալ տարվա դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Էդ Լիի հանկարծամահ լինելուց հետո:
Բրիդը ծնվել Է Սան Ֆրանցիսկոյում, աղքատ ընտանիքում. նրան մեծացրել է տատը: Նկատի առնելով իր անձնական փորձը՝ նա խոստացել է քաղաքագլխի պաշտոնում զբաղվել մատչելի բնակարանների կառուցմամբ, աղքատներին օգնելով եւ քաղաքի փողոցներում կարգուկանոնի հաստատմամբ: 2016 թվականից Բրիդը քաղաքի հսկիչ խորհրդի ղեկավարն է եւ անցյալ տարվա վերջին քաղաքապետ Էդ Լիի մահվանից հետո օրենքով զբաղեցրել է նրա աթոռը: Սակայն նա քաղաքապետի պարտականությունները կատարել է միայն վեց շաբաթ, ինչից հետո նրան ստիպել են վայր դնել քաղաքագլխի լիազորությունները նախընտրական արշավի սկսվելու կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: