
Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի տարբեր համայնքներում համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ծառայությունների զարգացման, տեղական մակարդակում ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների ներդրման ծրագրերի ընթացքին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։
Վաչե Տերտերյանը պատվիրակներին հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը խիստ կարևոր են Հայաստանի համար և նշել, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում են Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների միջոցով զարգացնել առկա համագործակցության ներուժը և նոր գաղափարներով թափ հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին։