Մտահոգիչ իրավիճակ
«Վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա: Իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով համանախագահների այցին Հայաստան և հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նկատելով, որ սովորաբար նման հանդիպումների իրական բովանդակությունը մնում է դռների ետևում:
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը նշել է, որ ՀՀ իշխանությունների ներկայիս բոլոր ուղերձները համանախագահներին կարող են որոշիչ լինել: Նրա խոսքով՝ հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ հակամարտող երկրներից մեկում նման մասշտաբի ներքաղաքական ցնցում, փոփոխություն է տեղի ունենում:
«Սա մեծ մարտահրավեր է, որի պարագայում համանախագահներն ավելի մեծ զգոնությամբ պետք է գործեն և արձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում սահմաններում, քանի որ կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից` մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով` այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա: Տարօրինակ է նաև, որ համանախագահները Հայաստան այցի առիթը չեն օգտագործել տարածաշրջանային այց կատարելու նպատակով, քանի որ հակամարտության գոտում ամեն բան լիովին խաղաղ չէ, ուստի կարելի էր այս առիթը օգտագործել համապատասխան շփումների ակտիվացման համար»,- ասել է գերմանացի քաղաքագետը:
Հարցին, թե Նախիջևանի հատվածում ադրբեջանական ուժերի կողմից դիրքերի առաջ բերումը ի՞նչ ուղերձ է հայկական կողմին, Սյուզան Ստյուարտը պատասխանել է, որ ցանկացած նման իրավիճակում կողմերը փորձում են հնարավորինս լավ դիրքեր ունենալ: «Կարծում եմ` մեծ նշանակություն այստեղ տեղի ունեցողին տալ պետք չէ, քանի որ պատերազմ սահմանի այս հատվածից չի սկսվի, դա շատ վտանգավոր կարող է լինել: Չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը դա է»,- ասել է Ստյուարտը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: