«Պետք է հանդիպում ունենամ հակամարտող կողմերի հետ». Արայիկ Հարությունյանը գնում է Գյումրի
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ արտերկրից բազմաթիվ գործարարներ դիմում են, թե հայտարարված մենաշնորհների վերացումն իրականության մեջ գործո՞ւմ է, թե՞ ոչ։
Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ խնդիրն ունի լուծման երկու ասպեկտ՝ քաղաքական և ինստիտուցիոնալ. «Քաղաքական մասով որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է, քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան ու չեն կարող լինել։ Ինստիտուցիոնալ մասով, արդեն պետք է գործեն համապատասխան մարմինները։ Դրանցից մեկն է, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը և այլ մարմինները, որոնք արդեն իսկ սկսել են գործել ու արդյունքներ են արձանագրում»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն էլ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի ճակատագրերով։
Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց, որ նիստից հետո ինքն անմիջապես գնում է Գյումրի.
«Պետք է հանդիպում ունենամ հակամարտող կողմերի հետ։ Մենք հայտարարել ենք, որ մենք բուհերի ակադեմական ազատությունների և ինքավարության կողմնակիցն ենք, ու առավելագույնս անում ենք, որ չմիջամտենք բուհերի գործերին։ Այն ժամանակ եղել է հորդոր իմ կողմից՝ վերականգնել այդ մարդկանց իրենց աշխատատեղերում։ Այս դեպքում ԿԳ նախարարությունը կարող է լինել միջնորդի դերում, և իր լիազորությունների սահմանում չկա տվյալ անձանց վերականգնումը։
Ես գնում եմ հանդիպեմ բոլոր կողմերի հետ՝ ուսանողների, նախկին ղեկավարության, գործող ղեկավարության, աշխատանքից հեռացվածների հետ, և փորձելու գտնել կոմպրոմիսային տարբերակ։ Որոշ մարդիկ չեն առաջնորդվում Շիրակի պետական համալսարանի շահերով, այլ՝ իրենց անձնական շահերով։ Այս դիրքորոշումը չի բերում կոմպրոմիսային լուծումների, բայց այս վիճակը երկար չի կարող շարունակվել»։