«Շատ եմ ուզում, որ ասեք՝ մենք ներդրումների համար հրաշալի միջավայր ենք ստեղծել, մեր երկրում էսքան ներդրում է եղել հեղափոխության ալիքի վրա…». Արամ Սարգսյանը՝ նոր կառավարությանը
«Մի տեսակ անհարմար իրավիճակ ստեղծվեց, որովհետև քննարկում ենք 2017 թվականի բյուջեի կատարողականը, և այն ներկայացնում է նոր կառավարությունը, որը գրեթե որևէ կապ չունի այդ բյուջեի կատարման հետ»,- այսօր Ազգային ժողովում նկատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նա ասաց՝ շատ է ուզում, որ հաջորդ տարվա բյուջեում արձանագրված աճը լինի ՀՀ-ում աշխատատեղերի ստեղծմամբ, ներդրումների հոսքով պայմանավորված.
«Ես շատ եմ ուզում, որ հաջորդ բյուջեն ներկայացնելիս՝ դուք թեկուզ 3 տոկոս աճի դեպքում՝ ասեք, որ այն ոչ թե եղել է պղնձի գների միջազգային շուկայում աճի արդյունքում, այլ՝ պղնձի հումքանյութ վաճառելու փոխարեն՝ մաքուր պղնձի գործարան ունենալու ու դրա շահույթից եկած աճից։ Ուզում եմ ձեր համար 1 ցուցանիշը լինի այն, որ ասեք՝ մենք ներդրումների համար հրաշալի միջավայր ենք ստեղծել, մեր երկրում էսքան ներդրում է եղել հեղափոխության ալիքի վրա… Շատ եմ ուզում՝ ձեր բյուջեն ու կատարողականն ունենա կոնկրետ ծրագրային նորարարական մագիստրալներ, ուղղություններ, որոնք պետք է այս երկրում աշխատատեղեր բացեն, բյուջեում նոր մուտքեր ապահովեն»։