«Մանե Թանդիլյանի հրաժարականը եղել է նրա անձնական դիրքորոշումը». Էդմոն Մարուքյան
«Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցը չի եղել կուսակցության դիրքորոշումը, եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` նկատելով, որ կուսակցության համար էլ է այդ որոշումն անակնկալ եղել:
Նա նշեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում տիկին Թանդիլյանի որոշմանը, Թանդիլյանն իր ընկերն է, քաղաքական զինակիցը:
Է.Մարուքանն ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը, ինչպես ԼՀԿ-ում դիմում չեն ստացել կուսակցությունից դուրս գալու մասին, և Թանդիլյանին այլ մարդով փոխարինելու հարցին կանդրադառնան միայն Փաշինյանի կողմից հրաժարականի դիմումն ընդունելուց հետո. «Այս պահին մենք այլ մարդու հարց չենք քննարկում, որովհետև տիկին Թանդիլյանի դիմումը դեռևս ստորագրված չէ»:
Դիտարկմանը, որ մինչ իշխանություն դառնալը «Ելքը» հայտարարում էր, որ չեղարկելու է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, սակայն գալով իշխանության, չարեց դա, Մարուքյանը խորհուրդ տվեց նայել վարչապետի հայտարարությունը. ««Ելքը»՝ որպես այդպիսին, չի եկել իշխանության և «Ելքը»՝ որպես այդպիսին, ստացել է 9 մանդատ»:
Է.Մարուքյանը հայտարարեց, որ, եթե պարզվի, որ համակարգը հակասահմանադրական է, ռևերս կարվի:
Հարցին` երբ Մանե Թանդիլյանը ստանձնում էր պաշտոնը, պայմանավորվածություն չի՞ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, Է.Մարուքյանը հայտարարեց, որ քննարկումներ եղել են, բայց պայմանավորվածություն` ոչ, որովհետև դա պետք է լիներ ընդհանուր կառավարության քաղաքական դիրքորոշում. «Չի եղել նման պայմանավորվածություն, որ սկզբից ասեն` մենք անպայման կչեղարկենք, հետո ասեն` չենք անում»: