
Հռոմի պապը ողջունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի խոսք է հղել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին՝ այդ իրադարձությունը համարելով համաշխարհային հանրակցության համերաշխության դրսեւորման հնարավորություն:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ANSA գործակալությունը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է հունիսի 13-ին ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում։
«Վաղը Ռուսաստանում սկսվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ցանկանում եմ ողջունել մասնակիցներին՝ խաղացողներին ու կազմակերպիչներին: Այդ իրադարձությունը հաղթահարում է բոլոր սահմանները»,- նշել է քահանայապետը:
«Հուսով եմ, որ այդ կարեւոր մարզական իրադարձությունը հնարավորություն կդառնա հանդիպման, երկխոսության, տարբեր մշակույթների ու կրոնների միջեւ եղբայրության դրսեւորման համար»,- հավելել է Ֆրանցիսկոսը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը տեղի կունենա ՌԴ-ի 11 քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: