Բաժիններ՝

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հակառակորդը ապրիլից շփման գծին շատ մոտ գտնվող տարածքներ է տեղափոխել մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, սակայն նրանց մշտական տեղակայման վայրն այդտեղ չէ: Առ այսօր այդ ստորաբաժանումները հետ չեն քաշել: Պարբերաբար այնտեղ ինչ-որ տեղաշարժեր են իրականացվում, ինչպես նաև ցուցադրական զորավարժություններ: Այսինքն՝ ամեն կերպ ցանկանում են մեզ ահաբեկել, սակայն` դեռևս ցուցադրական ձևով:

Մենք բացարձակ չենք տրվում նրանց ահաբեկումներին և Արցախի պաշտպանության բանակը կատարում է համապատասխան բոլոր քայլերը, որպեսզի հակառակորդը գայթակղության չդիմի: Մենք պետք է հավասարակշռված և լուրջ վերաբերենք այդ ամենին և չմտածենք, որ սա պարզապես տեղեկատվություն է ու ընդամենը ներքին իրավիճակի պատճառով է արվում: Մեր ներքին իրավիճակը շատ հանգիստ է` չնայած վերջին օրերին մի քանի սադրանք եղավ»,- ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի ՊԲ-ի կողմից հակառակորդի ակտիվության կասեցման վերաբերյալ Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախը միշտ պատրաստ է դիմակայելու:

«Հակառակորդը գիտի, որ մենք միշտ պատրաստ ենք, և արկածախնդրության չեն դիմում: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, քանի որ Ադրբեջանն այն երկիրն է, որ իր էությամբ ահաբեկչական է ու այդ երկրից ամեն ինչ սպասելի է»,- շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ ադրբեջանցիներն օգտվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության փաստից, որ մարդկանց ուշադրությունը գուցե այդ կողմ սևեռված լինի: ԱՀ նախագահի մամուլի խոսնակը չբացառեց, որ այդ պարագայում հնարավոր են հակառակորդի սադրանքների ավելի ուժեղացումներ ու սրացումներ:

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս