
Հայաստանը ողջունել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպումը

Հայաստանը ողջունել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը: Այս մասին գրառում է արվել Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում:
«Մենք ողջունում ենք Սինգապուրի պատմական գագաթնաժողովը ԱՄՆ ու ԿԺԴՀ միջև, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին: Դա կարևոր քայլ ենք համարում համապարփակ լուծում գտնելու ճանապարհին՝ հանուն Կորեական թերակղզում տարբերությունների հաղթահարման ու լարվածության թուլացման»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդները հունիսի 12-ին կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև և կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:
Բացի այդ, երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած ամերիկացի զինծառայողների մարմինների որոնման մասին: