ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Պեկին՝ քննարկելու ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կայցելի Պեկին: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության՝ հունիսի 13-ին տարածված հայտարարության մեջ:
«Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Չինաստան կժամանի Պետխորհրդի անդամ, ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով,-նշվում է հաղորդագրության մեջ:-Ուղեւորության ընթացքում տեղի կունենան բանակցություններ, որտեղ պլանավորվումէ քննարկել երկկողմ շփումների զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային բնույթի կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտնել են, որ Փոմպեոն հունիսի 12-ին Սինգապուրում կայացած պատմության մեջ առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովից հետո այցով կուղեւորվի Հարավային Կորեա եւ Չինաստան, որտեղ նա պլանավորում է քննարկել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանային ու երկկողմ այլ հարցեր:
Ավելի վաղ լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ Փոմպեոն նաեւ հայտարարել է, որ մտադիր է Չինաստանում կայանալիք բանակցությունների ընթացքում ընդգծել Փհենյանի վրա պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չեն կատարվել միջուկազերծմանը վերաբերող պարտավորությունները:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել է Սինգապուրի Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: