Երբ մայրցամաքները կխոսեն ֆուտբոլի լեզվով. աշխարհի առաջնությունը փաստերով և թվերով
Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ:
Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին:
2010 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հյուրընկալելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանի 11 քաղաքների` (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Եկատերինբուրգ, Սարանսկ, Սոչի, Սամարա, Դոնի Ռոստով, Կալինինգրադ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ) 12 մարզադաշտեր կընդունեն ԱԱ-ն:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է մնալ աշխարհում միակ թիմը, որը մասնակցել է բոլոր մունդիալներին (21): Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային թիմը 19-րդ անգամ է մասնակցում և այս ցուցանիշով երկրորդն է: Արգենտինայի ազգային թիմը երրորդն է: «Ալբիսելեստե»-ն ԱԱ-ին կմասնակցի 17-րդ անգամ:
Աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստներից առաջին տեղում Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերն է, ով խփել է 10 գոլ: Նրան հաջորդում է Կոլումբիայից Խամես Ռոդրիգեսը` 6 գնդակ: Իսկ եռյակի վերջում մի քանի ֆուտբոլիստներ են` Լիոնել Մեսսի, Գոնսալո Իգուային (երկուսն էլ Արգենտինա), Թիմ Կեխիլ (Ավստրալիա), Լուիս Սուարես (Ուրուգվայ): Նրանք խփել են 5-ական գնդակ:
Աշխարհի 21-րդ առաջնությանը չի մասնակցի ոչ մի ֆուտբոլիստ, ում տարիքը 18-ից ցածր է: Միայն 5 ֆուտբոլիստներ կան, որոնց տարիքը ցածր է 20-ից:
32 հավաքականների շարքում Անգլիան միակ թիմն է, որի ֆուտբոլիստներ հանդես են գալիս բացառապես Պրեմիեր լիգայում (Անգլիայի առաջնություն): Ակումբներից ամենաշատ` 16 ֆուտբոլիստ այս մունդիալում ունի «Մանչեսթեր Սիթի»-ն:
Ակումբներից «Մանչեսթեր Սիթի»-ն այս մունդիալում ունի ամենաշատ ֆուտբոլիստները՝ 16, «Ռեալ»-ի ֆուտբոլիստները 15-ն են, իսկ «Բարսելոնա»-ինը` 14-ը: Անգլիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից 124 հանդես կգան աշխարհի առաջնությանը: Մասնակից ընտրանիների շարքում «ամենաանփորձը» Թունիսն է` ընդհանուր 462 խաղ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հունիսի 14-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, դրան կհաջորդի առաջին խաղը` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա:
Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությանը կմասնակցեն 32 թիմեր: Ընտրանիները բաժանվել են 8 խմբի (A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ: B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան: C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա: D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա: E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա: F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա: G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա: H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա): Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին:
Վարվառա Հայրապետյան