Պայմանավորվել են. ընտրությունները կանցկացնեն ապրիլ-մայիսին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձեւավորման փուլում է եւ հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչեւ ամսվա վերջ կամբողջանա։ Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկայացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկավարները եւ 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան:
«Ծառուկյան դաշինքից» դեռեւս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գեւորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունեցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից` 5 տոկոս։ Առաջարկը, սակայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։
Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտեւեն մինչեւ հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավորվել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տեղեկությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: