
Բոլոր ՀՀԿ-ական փոխմարզպետները կազատվեն աշխատանքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, եւ նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:
Բանն այն է, որ «Փաստի» հավաստի տեղեկություններով, կառավարությունում որոշում է կայացվել նաեւ փոխմարզպետների, իսկ հետո նաեւ վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը:
Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում եւ մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա:
Ուստի գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, եւ մատով ցույց են տալիս վերեւ՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: