Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի հնարավոր թեկնածուներին սովորեցնում է պայքարել Թրամփի դեմ. CNN
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնի հանդիպումներ է անցկացրել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության 10 անդամների հետ, որոնք դիտարկում են 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Օբաման նրանց շարադրել է իր տեսլականը՝ ինչպես ավելի արդյունավետորեն դիմակայել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին (Հանրապետական կուսակցություն): Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Նրա աղբյուրների տվյալներով՝ Օբաման նմանօրինակ հանդիպումներ է անցկացրել Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենի, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Դեւալ Պատրիկի, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերի, Նոր Օռլեանի նախկին քաղաքագլուխ Միթչ Լանդրիեի, Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Հարցեթիի, ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի եւ տարածաշրջանային մակարդակի եւս մի քանի քաղաքական գործիչների հետ:
Ինչպես հայտնի է Սանդերսը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մրցակիցն էր 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման համար, իսկ 2018 թվականին Սենատում վերընտրվելու է միջանկյալ ընտրություններում:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ հանդիպումների ժամանակ Օբաման ուշադրությունը չի կենտրոնացնում նախագահի հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրին կոնկրետ խորհուրդներ տալու վրա: Ավելի շատ ժամանակ է հատկացվում այն բանին, թե «ինչպես հակազդել նախագահ Թրամփի հայտարարություններին ու գործողություններին, ինչպես ավելի լավ դիրքավորել իրենց եւ դիմագրավել իրենց կուսակցությունում ծագող մարտահրավերներին»:
«Նա (Օբաման) միանգամայն պարզորոշ է արտահայտվել Դեմոկրատական կուսակցության վերածնման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ նրա առաջնորդների նոր սերունդ դաստիարակելու ճանապարհով»,-հավելել է աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: